April 16

Ի՞նչ է ամրոցը, բերդը

1․ Ի՞նչ է  ամրոցը կամ բերդը։

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։

2․ Նկարագրել ինչպիսի՞ տեսք ունի ամրոցը։

Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։

3․ Թվարկե՜լ հայկական  ամրոցները։

Տուշպա-Վան, Արգիշտիխինիլի-Արմավիր, Էրեբունի-Երևան, Գառնի, Ամբերդ, Սմբատաբերդ, Ներքին Թալին, Լամբրոն և այլն։

4․ Նկարագրե՜լ հայկական եկեղեցիները ու վանքերը։

Հայաստանը հարուստ է նաև եկեղեցիներով և պատմական վանքերով: Հաղարծինի վանքը, Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Սևանավանքը:

Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկն է կապուտաչյա գեղեցկուհու ՝ Սեանալճի Աղթամար կղզու Աղթամարի վանքը: Աղթամարի վանքը միջնադարյան հոգևոր-մշակութային կենտրոն է, որի գլխավոր կառույցն է Սբ. Խաչ եկեղեցին: Բարձրարվեստ է եկեղեցու զարդանկարներով և արվեստաբանական թեմաներով որմնանկարչությունը, որն իր պատկերագրական համակարգով զգալիորեն նախորդել է Արևմուտքին:

5․ Ներկայացնել,  ըստ ցանկության որևէ հայկական եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ։
Սուրբ Գևորգ

April 16

Սուրբ Գևորգ

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632–1655 թթ.։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664–1669 թթ. կառուցել նորը։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։ 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Image result for Սուրբ Գևորգ եկեղեցի, Ashtarak

April 16

Ի՞նչ է ամրոցը, բերդը

«Մենք շատ ենք լսել տարածված մի կարծիք, ըստ որի՝ հայերը բերդեր ու ամրոցներ չեն կառուցել, այլ միայն եկեղեցի ու վանք։ Հավանաբար, սրա արդյունքում է, որ այսօր, «Հայաստանում ի՞նչ բերդ կամ ամրոց գիտեք» հարցին հիմնականում հնչում է ստանդարտ պատասխան՝ «Ամբերդ»: Մինչդեռ հայկական բերդերը շատ են, հետաքրքիր, իրար չկրկնող ճարտարապետությամբ եւ պատմությամբ։

Հայաստանը մշտապես շրջապատված է եղել այնպիսի երկրներով ու ժողովուրդներով, որոնք ցանկացել են տիրանալ մեր հայրենիքին։ Այդ երկրների հարձակումներին դիմագրավելու համար կառուցել են անառիկ բերդեր և ամրոցներ։ Հայոց բերդերից հայտնի են Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։ Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և հարձակման, պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի շինություններ էին։
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, անպայման մի կողմը անդունդին- կիրճին նայող։ Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Երևանում պետական նշանակության հնագիտական հուշարձան է մ.թ.ա 782 թվականին Վանի թագվորության արքա ՝ Արգիշտի Ա-ի կողմից հիմնադրված Էրեբունի ամրոցը: Շատ ցավալի է, որ այսօր հուշարձանի ընթացիկ վիճակը անմխիթար է:

Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։ Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։

Երևանում մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում նաև Ծիծեռնակաբերդ (հնավայր) ամրոցը: Սիրո արմատներ ունի այս ամրոցը: Ըստ ավանդույթի այստեղ ապրել է սիրո աստվածուհի ՝ Աստղիկը, որը ծիծեռնակների միջոցով լուրեր է ուղարկել իր սիրեցյալին ՝ Վահագնին: Ծիծեռնակաբերդը դեռևս լավ ուսումնասիրված չէ: 1967թ-ին Ծիծեռնակաբերդում բացվեց Մեծ եղեռնի հուշահամալիրը, որտեղ յուրաքանչյուր հայ գնում է հարգանքի տուրք մատուցելու:

Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են հսկայական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում՝ Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների։

April 9

Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Հարցեր և առաջադրանքներ

1 Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։

Օշինդր դառը, ալոճենի, սուսամբար, դեղատնային երիցուկ, մարգագետնային երեքնուկ։

2 Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։

Օշինդր դառը – Օգտագործվում են ախորժաբեր, մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

Սուսամբար – Օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

Ալոճենի – Օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

Դեղատնային երիցուկ – Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

Մարգագետնային երեքնուկ – հիմնականում օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։

Ուրցով թեյը խորհուրդ է տրվում խմել գրիպի, ստամոքսի սպազմերի, երիկամների հիվանդությունների, սակավարյունության (անեմիա), անքնության, միգրենների, ռևմատիկ ցավերի դեպքում:

Մելիսա – Հանգստացնող թեյ է, որն օգնում է կարգավորել նյարդային խանգարումների հետևանքով առաջացած մարսողական խնդիրները: Այն ազատում է լարվածությունից, մեղմացնում է ցավը, օգնում է ավելի լավ կենտրոնանալ:

April 9

Madame Butterfly կամ Թիթեռնիկ

Եվրոպայում ԿԻՍԼԻՑԱ-ն(լատին. Օկսալիս) անվանում են երջանկության ծաղիկ: Ենթադրվում է, որ այն տուն է բերում երջանկություն և հաջողություն:
Օկսալիսի տերևը բաղկացած է երեք մասից: Շատերը կարծում են, որ այն ներկայացնում է Սուրբ Երրորդությունը: Հավանաբար այդ իսկ պատճառով Իռլանդիայի բնակիչները Օկսալիսի տերևը ընտրեցին որպես երկրի ազգային խորհրդանիշ և այն տեղադրեցին իրենց զինանշանի վրա:
Օկսալիսի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա եռանկյունի տերևները փակվում են ամպամած եղանակին կամ մութն ընկնելուն պես: Այդ ժամանակ թվում է` թիթեռնիկների խումբ է նստել ծաղիկի վրա: Այդ իսկ պատճառով ծաղիկին հաճախ անվանում են նաև Madame Butterfly կամ Թիթեռնիկի ծաղիկ: Երբ բույսը կրկին բավականաչափ լույս է տեսնում, թերթիկները նորից բացվում են:

April 8

Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․ 

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։

2․ Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։

April 3

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։

Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց։

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։

April 3

Գայանե

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։

March 20

Ծաղկազարդ.Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբ նշանակող  եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում էր Զատկից(Սուրբ Հարության տոնից) մեկ շաբաթ առաջ: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ`օրհնվում են աշխարհի չորս կողմերը/ինչպես կրթահամալիրի հիմն է/, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են  ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդի օրը։ Դրանք ունեին  բարիքի, առատության, պտղաբերության։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը ընտանի կենդանիների մոտ, դրանք դրվել են խնոցում(որտեղ կարագ ու մածուն են մերում), մսուրում, հավանոցում և այլն։
Ասում են, որ մինչև քրիստոնեության ընդունումը, տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին(Այստեղ հիշենք որ հայերը եղել են հեթանոս, ունեցել բազում աստվածներ)։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի(անձրևների բացակայություն, հողը և բուսականությունը չորանում է) ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ այլն:/դիտեք այս հոլովակը/: Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության  խորհրդանիշ։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Դրա նպատակը անմահությունն է։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով: Տոնի ընթացքում ընդունված են նաև մի շարք ավանդույթներ: Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը :Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ձայնը։/ տես այստեղ/: Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Այս տարի եկեղեցին այն կտոնի ապրիլի 2-ին:


Խաղեր

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ:

Պարեր

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ:

Երգեր`ԿարկաչաԾառ ծաղկեցավ:

Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։  Այս շրջանում արդեն սարերում զանազան կանաչիներ էին աճած լինում: Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։ Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ-հյուրասիրություն բաժանում ժողովրդին։ Ծաղկազարդին եփել են նաև եղինջ:

March 13

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։

Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։

Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։

Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։