September 21

Հայկը և Բել

Հայկ և Բել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:

  Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

  1. Նավասարդ (օգոստոսի 11-սեպտեմբերի 9)
  2. Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9)
  3. Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)
  4. Տրե (նոյեմբերի 9-դեկտեմբերի 8)
  5. Քաղոց (դեկտեմբերի 9-հունվարի 7)
  6. Արաց (հունվարի 8-փետրվարի 6)
  7. Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8)
  8. Արեգ (մարտի 9-ապրիլի 7)
  9. Ահեկան (ապրիլի 8-մայիսի 7)
  10. Մարերի (մայիսի 8-հունիսի 6)
  11. Մարգաց (հունիսի 7-հուլիսի 6)
  12. Հրոտից (հուլիսի 7-օգոստոսի 5)
  13. Ավելյաց (օգոստոսի 6-օգոստոսի 10)

Հին հայկական օրանուններ

Հետաքրքրական է, որ ամսվա յուրաքանչյուր օր նույնպես ուներ իր անունը։

  1. Արեգ
  2. Հրանդ
  3. Արամ
  4. Մարգար
  5. Ահրանք
  6. Մազդեղ կամ Մազդեկան
  7. Աստղիկ
  8. Միհր
  9. Ձոպաբեր
  10. Մուրց
  11. Երեզկան կամ Երեզհան
  12. Անի
  13. Պարխար
  14. Վանատուր
  15. Արամազդ
  16. Մանի
  17. Ասակ
  18. Մասիս
  19. Անահիտ
  20. Արագած
  21. Գրգուռ
  22. Կորդուիք
  23. Ծմակ
  24. Լուսնակ
  25. Ցրոն կամ Սփյուռ
  26. Նպատ
  27. Վահագն
  28. Սիմ կամ Սեին
  29. Վարագ
  30. Գիշերավար

Իսկ վերջին “Ավելյաց” ամսվա օրերի անվանումներն են

  1. Լուծ
  2. Եղջերու
  3. Ծկրավորի
  4. Արտախույր
  5. Փառազնոտի
September 21

«Երաժշտությունն իմ կյանքում»

Ես սիրում եմ լսել և նվագել երաժշտություն։ Ազատ ժամանակ լսում եմ տարբեր ոճերի երգեր, բայց ամենաշատը նախընտրում եմ հայկական երաժշտությունը։ Երաժշտություն լսելով հանգստանում ենք, ուրախանում։ Մենք դպրոցում սովորում ենք ազգային երգեր, որոնք ես շատ եմ սիրում և երգում եմ։ Մենք երգում ենք Կոմիտասի երգերը և պարում ազգային պարեր։

Սիրելով մեր ազգային երգերն ու գործիքները՝ հաճախում եմ քանոնի դասերի, որն իմ առօրյայի մի մասն է կազմում։ Ուզում եմ, որ մեր հայկական երաժշտական գործիքները չմոռացվեն և հնչեն ամբողջ աշխարհում։

Երաժշտական գործիքներից նաև սիրում եմ գիթառ և շուտով պետք է հաճախեմ նաև գիթառի դասերի։ Մտածում եմ, որ երաժշտությունը բոլորիս կյանքում պետք է որոշակի տեղ ունենա։